ՎԱՆ


Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաքներ է ունեցել՝ Վան,
Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան,
Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Վանի թագավորությունը Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրել է Վանի թագավոր Սարդուր I-ը , անվանել Տուշպա(Վան, Տոսպ) և դարձրել պետության մայրաքաղաքը: Քաղաքը հարուստ էր բազմաթիվ զինանոցներով, պահեստներով, դիտակետերով: Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով:
Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր և անվանվում էր Երվանդավան:
Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։
Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։
Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց
թագավորության օրոք։
19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ
հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու
արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։
Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր

— Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի
գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հետքեր կան, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում
է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ
և հեթանոսական այլ սրբավայրեր կային։
Քաղաքի շրջակայքում գտնվում է Սոսյաց անտառը, որը աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, և որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության
անտառը տնկել է Արմենակ նահապետը։Հայերը սրբագործել են սոսին և բարդին։
Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը,
Արմավիրի դերը նվազեց։
Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը:
