Posted in Պատմություն

Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։