Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում և եղել է Լևոն 2-րդի դուստրը: Լևոն 2-ը գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը:1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:
Կոստանդին Գունդստաբլն 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով:1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց դարձրեց:Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:
Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր: