ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ
Անհնար է պատմությունը նորից գրել. այն ստեղծվում է մեկ անգամ: Սակայն 20-րդ դարի Երևանի պատմությունը գրվում էր վստահ ձեռագրով, նոր խոսքերով, առանց սխալների ու մրոտումների: Գրվում էր սկզբում թղթի, հետո քարի վրա: Այս նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Երևանի հատակագիծը նրա ճարտարապետական առաջին աշխատանքն էր: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական
տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր:
Ալ. Թամանյանի թողած հսկայական ժառանգության մեջ Օպերային թատրոնի նախագիծը եղել է նրա ամենասիրելին ու փայփայածը:
Երևանի կենտրոնում մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը: Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը:
Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր:
Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ: Եթե Հաղթանակի
զբոսայգու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների
դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդիսատեսները այդ
փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը`
Մասիսը:
Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառնում էր քաղաքի գլխավոր
հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց:
ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծագործությունների հեղինակ է:
Նա կառուցել է զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր հուշարձաններ:
Նրա նշանավոր ճարտարապետական գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, Սարդարապատի հուշահամալիրը: Հուշահամալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է: Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնակելի տների նմանությամբ. այսինքն` այն լուսավորվում է բնական լույսով: Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները: