Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը ավետում էր գարնան սկսիզբը:  Մարդիկ զվարճանում էին և մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն:

Բարեկենդանն  սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որը ուղեկցվում էր խրախճանքներով, ճոխ ու առատ ուտելիքներով, պարերով, խաղերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով և տևում էր երկու շաբաթ: Այդ օրերին  Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:  Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը, որը հաճախ դառնում էր մրցակցություն:

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը:  Այդ օրվա խնջույքին բոլոր պահպանողական հայ ընտանիքները միասին սեղան էին նստում ՝ մեծերով ու փոքրերով:

Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրվանից  զուռնա – դհոլի նվագի տակ, ինչպես նաև պարերգերի, որ բազմաթիվ էին:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին : Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:  Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ էին,որ գալիս էին մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն:

Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը:  Տղաները հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանավորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին: Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.

– Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին: